Ռուսաստանի արդարադատության նախարարությունը արտասահմանից ֆինանսավորվող ոչ առեւտրային կազմակերպություններին նախազգուշացրել էր որպես «արտասահմանյան գործակալներ» գրանցվելու պահանջն արհամարհելու դեպքում սպասվող հետեւանքների մասին: Ավելի վաղ վերջիններս հայտարարել էին, որ նոր օրենքն իրավունք ունի իրենց գործունեությունը դադարեցնել միայն այն դեպքում, եթե կազմակերպությունները չցանկանան գրանցվել որպես «արտասահմանյան գործակալներ»:
Իսկ Բորիս Բերեզովսկին արդեն մտածել է, թե ինչպես շրջանցել այդ օրենքը: Նա «Իզվեստիա» թերթին հայտնել է, որ ցանկացած օրենք ստեղծված է, որ «մտածող մարդիկ այնտեղ կարողանան սողանցքեր գտնել, որոնք թույլ կտան զերծ մնալ դրանք կատարելուց, ընդ որում` օրինական ճանապարհով»: Բերեզովսկին անձամբ վաղուց մի ծրագիր ունի, որի շնորհիվ Ռուսաստանում նրա ֆինանսավորած ՀԿ-ները կարող են գոյատեւել առանց «արտասահմանյան գործակալի» կարգավիճակի:
«Բանն այն է, որ ես չեմ բացահայտում այն տեղեկատվությունը, թե ում եմ հովանավորում ՌԴ-ում, քանի որ Ռուսաստանում, եւ ոչ միայն այստեղ, իմ կատարած բոլոր ներդրումները հսկվում են ԱԴԾ-ի աշխատակիցների կողմից: Այդ պատճառով ինչ վերաբերում է ինձ, տվյալ օրենքը ոչինչ չի փոխում: Ես ինչպես աջակցել եմ նրանց, ում հարմար եմ գտել, այդպես էլ կշարունակեմ աջակցել», - ասել է օլիգարխը: «Օրենքը հենց նրա համար է, որպեսզի ուղիներ փնտրես այն օրինական կերպով շրջանցելու համար: Ռուսաստանում վերջին ժամանակներս իշխանությունը ընդունում է հակասահմանադրական, ոչ ժողովրդավարական օրենքներ», - նշել է նա:
Արտասահմանյան ծրագրերով եւ քաղաքական գործունեությամբ զբաղվող ՀԿ-ներին օրենքը պարտավորեցնում է գրանցվել որպես «արտասահմանյան գործակալ», այդ օրենքը նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր հուլիսի 21-ին: Սպասվում է, որ նոր պահանջն ուժի մեջ կմտցնի հրապարակումից 120 օր անց:




























