Մոսկվայում կողոպտել են Բարի Ալիբասովի ստեղծագործական ստուդիան: Հուլիսի 25-ին ոստիկանություն է դիմել ստուդիայի տնօրենը եւ հայտարարել, որ Մերզլյակովի նրբանցքի թիվ 13/1 շենք են մտել անհայտ անձինք եւ գողացել 2 ֆոտոխցիկ եւ 30 հազար ռուբլի:
Պարզվել է, որ հանցագործները բնակարան են մտել հարմարեցված բանալիով դուռը բացելով: Ընդհանուր վնասը կազմել է շուրջ 180 հազար ռուբլի, հաղորդում է NEWSru.com-ը:
Շենքի պարետը հայտնել է, որ օտար մարդկանց շատ բարդ է մտնել էլիտար շենք: «Ամենայն հավանականությամբ, գողությունը կատարել է ներսի մարդ, ով աշխատում է Բարի Ալիբասովի մոտ: Սովորական վարձու աշխատողներ են, ում ժամանակին չեն վճարել, նրանք էլ որոշել են իրենց բաժինը վերցնել տեխնիկայով»,-ասել է նա:
200 քմ տարածքով բնակարանը, որտեղ Ալիբասովն ապրում է արդեն 20 տարի, նրա համար ծառայում է նաեւ որտես ստուդիա:
Այնտեղ պահպանվում են «Նա-նա» խմբի ձայնագրությունները: Նախորդ տարի այդ բնակարանում հրդեհ էր բռնկվել եւ շատ ձայնագրություններ ոչնչացել էին:




























