Եգիպտոսի նախկին նախագահի կրտսեր որդին` Գամալ Մուբարաքը երկրի Կենտրոնական բանկին 3 մլն ֆունթ  (0,5  մլն դոլար) է վճարել, այդպիսով, փոխհատուցելով բանկին հասցված նյութական վնասը:

Մի քանի ամիս առաջ գլխավոր դատախազությունը մեղադրել է Գամալ Մուբարաքին «պաշտոնական դիրքի չարաշահման եւ դրամական միջոցների անօրինական յուրացման մեջ» այն ընթացքում, երբ նախկին նախագահի որդին ԿԲ-ի ղեկավարների Խորհրդի կազմում էր: 

Գամալը հայտարարել էր բանկին փոխհատուցելու պատրաստակամության մասին: Կողմերը հաշտության եզրեր են գտել, սակայն գլխավոր դատախազությունը հրաժարվել է դադարեցնել բորսայում տեղի ունեցած մեքենայությունների գործը: Այդ գործով հիմնական մեղադրյալները նախկին նախագահի երկու որդիներն են` Գամալն ու Ալյան, հայտնու է «ՌԻԱ Նովոստին»:

Գամալն եւ Ալյան իրենց փաստաբանի միջոցով հայտնել են Եգիպտոսի գլխավոր դատախազ Աբդելմագիդ Մահմուդին 42 մլն ֆունտ (7 մլն դոլար) գումարը պետությանը փոխհատուցելու պատրաստակամության մասին: Այդ գործով լսումները կայացել են ընթացիկ տարվա հուլիսի 9-ին:  Դատարանը գործի լսումը տեղափոխել է 2012 թվականի սեպտեմբերի 8-ին: