«Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների այս խայտառակ վիճակում Հայաստանը ձախողվելու է արտաքին ոլորտում»,- դեկտեմբերի 28-ին «Սիվիլիթաս» կազմակերպությունում կազմակերպված քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանն ու հավելեց. «Մի երկիր, որը չունի լեգիտիմ իշխանություն, չի կարող պատշաճ ձեւով ներկայացնել երկիրը դրսում, քանի որ դրսում քեզ համարում են դիկտատոր եւ նրանց աչքում դու թույլ ես ու խոցելի, որին կարելի է բան պարտադրել: Մենք այդ բեռով ենք մտնում հայ-թուրքական եւ ԼՂ խնդիրների բանակցությունների մեջ»:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, Հ. Իգիթյանը կարծիք հայտնեց, որ դրանցում պետք է լիներ ընդամենը երկու կետ, որոնցից մեկը կվերաբերեր սահմանները բացելուն, մյուսը սահմանի բացման հետ կապված՝ սահմանների ճշգրտմանը, իսկ մնացածը պայմաններ են, որոնք չպետք է լինեին: Նրա խոսքով, դրանց շարքում են պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման դրույթը, տարածաշրջանային հակամարտությունները տարածքային ամբողջականության սկզբունքով լուծելու մասին կետը, ինչպես նաեւ միմյանց սահմանները ճանաչելու դրույթը:

Ընդդիմադիր գործիչը՝ հիշեցնելով, որ օրերս ՀՀ ԱԺ նախագահն ասել էր, թե քաղաքական գործիչ լինելու համար խելք պետք չէ, նշեց. «Այսօր մի վիճակում ենք, որ դիվանագետ լինելու համար էլ մեծ խելք պետք չէ: Մի քիչ խելք ունենալու դեպքում կարելի էր ավելի լավ փաստաթուղթ ունենալ»: Նրա ներկայացմամբ, միակ բանը, որ արեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ցյուրիխում, դա այն էր, որ «նա զրկեց մեզ լսելու արձանագրությունների վերաբերյալ թուրքական կողմի մեկնաբանությունները»:

ՀՀՇ անդամը բոլոր արտաքին ձախողումների պատճառը տեսավ ՀՀ ներքին քաղաքականության մեջ ու հավելեց. «Այն, որ հերթական անգամ ծեծի են ենթարկվել ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստները, որոնք բաժանելիս են եղել Նիկոլ Փաշինյանի նախընտրկան թերթիկները, նշանակում է, որ այն անհանդուրժողականությունը, որ կար 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, դեռ գոյություն ունի, եւ քանի դեռ դա չի փոխվել, ոչինչ մեր կյանքում չի փոխվելու: Երբ իշխանությունների ուզածը շատ խելք չունեցող հերթական պատգամավորին ԱԺ բերելն է, ոչինչ չի փոխվելու»: