Հանրապետական  կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Միթ Ռոմնին Երուսաղեմն անվանել է Իսրայելի մայրաքաղաք` այդպիսով աջակցելով իսրայելական կողմի դիրքորոշմանը: 

«Շատ հուզիչ է լինել Երուսաղեմում` Իսրայելի մայրաքաղաքում», - հայտարարել է Ռոմնին`խոսելով արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ: 

Ինչպես հստակեցնում է  Agence France-Presse-ը, աշխարհի պետությունների մեծ մասը պաշտոնապես Երուսաղեմը չի ճանաչում  որպես Իսրայելի մայրաքաղաք` քաղաքի արեւելյան հատվածի համար Պաղեստինի հետ առկա վեճի պատճառով: 

Իսրայելն  Արեւելյան Երուսաղեմը գրավել էր1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ եւ ավելի ուշ կցել էր իրեն: Իսրայելը Երուսաղեմը համարում է պետության «միասնական եւ անբաժանելի» մայրաքաղաք, իսկ միեւնույն ժամանակ պաղեստինցիները պահանջում են վերադարձնել այն, գրում է  «lenta.ru»--ն»:

Իսրայելի իշխանության հիմնական մարմինները, այդ թվում նաեւ Քնեսեթը, գտնվում են Երուսաղեմում, սակայն բոլոր արտասահմանյան դեսպանատները տեղակայված են Թել Ավիվում, իսկ Երուսաղեմում  ներկայացված են հյուպատոսություններով: 

Ավելի վաղ Ռոմնին մի շարք հայտարարություններ  էր արել մերձարեւելյան հարցերի կապակցությամբ:  Նա խոստացել էր ընտրվելու դեպքում աջակցել Իսրայելին, եթե վերջինս որոշի  գործողություն սկսել Իրանի դեմ: