Կոլորադոյի հրաձիգ Ջեյմս Հոլմսին մեղադրանք է ներկայացվել 12 մարդու սպանության համար:

Ջ. Հոլմսի դեմ 12 մեղադրանք է առաջադրվել առաջին աստիճանի սպանության եւ  սպանության 116 փորձի համար, հաղորդում է Reuters-ը: Դատախազությունը մահապատիժ կպահանջի Հոլմսի համար, սակայն նա կարող է դրանից խուսափել, քանի որ նախկինում բուժվել է հոգեբույժի մոտ: 

24-ամյա Ջեյմս Հոլմսն կինոթատրոնում կրակ բացելու դրդապատճառները դեռեւս անհայտ են մնում: Ձերբակալության ժամանակ նա իրեն Ջոքեր է անվանել` Բեթմենի մասին ֆիլմի չարագործ: Ջոքերին նման լինելու համար նա անգամ մազերն է  ներկել:

Տղամարդը հանգամանորեն նախապատրաստվել էր հանցագործությանը: Նրա բնակարանի սենյակները լի են եղել ռումբերով, ականներով եւ այլ պայթուցիկներով: Հատուկ ծառայությունների աշխատակիցները հարեւան տների բնակիչներին տարհանել են, որից հետո նոր սկսել են բնակարանի ականազերծմանը, հայտնում է rbc-ն:

2012 թվականի հուլիսի 20-ին Ավրորա քաղաքում իրեն Բեթմենի թշնամի համարող տղամարդը ներխուժել էր կինոթատրոն, որտեղ ցուցադրվում էր «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմը, եւ կրակ էր բացել հանդիսատեսների վրա: Սպանվել էր 12, վիրավորվել`60 մարդ: