Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամը ցանկություն է հայտնել, որ իրեն դատեն Հաագայում, ոչ թե հայրենիքում: Այդ մասին հաղորդել են նրա փաստաբանները:
Սեյֆ ալ Իսլամը վախենում է, որ Լիբիայում դատից հետո իրեն մահապատժի կենթարկեն, այդ պատճառով դատական նման գործընթացը հավասարազոր է սպանությանը: Նա կարծում է, որ գործը պետք է ներկայացվի Միջազգային քրեական դատարանի քննարկմանը:
«Ես մահից չեմ վախենում, բայց եթե ինձ թողնեք այստեղ, հարկ է հասկանալ, որ մահվան եք դատապարտում», - Սեյֆ ալ Իսլամի խոսքերը մեջբերում է polit.ru-ն:
40-ամյա մեղադրյալն այժմ լիբիական Զինթան քաղաքում հսկողության տակ սպասում է դատին:
Ավելի վաղ Լիբիան մերժել էր Սեյֆ ալ Իսլամին Միջազգային քրեական դատարան հանձնելը: Իշխանությունները ցանկանում են նրան հայրենիքում դատել:
Հիշեցնենք, սպանված գնդապետ Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամը ձերբակալվել էր նոյեմբերի վերջին Լիբիայի հարավում: Նա մեղադրվում է մարդկության դեմ հանցագործության մեջ: Մասնավորապես, նա մեղադրվում է Քադաֆիի զորքերի հատուկ ստորաբաժանումներին հրահանգներ տալու եւ խաղաղ բնակիչներին հետապնդելու մեջ:



























