Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանը մերժել է Ռուսաստանի Պետդումայի ՌԼԴԿ-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի հայցն` ուղղված ամերիկյան իրավապաշտպան Պյոտր Զալմայեւի դեմ:
Եղիազարյանը հայց էր ներկայացրել պատվի եւ արժանապատվության պաշտպանության վերաբերյալ` ուղղված «Եվրասիական դեմոկրատական նախաձեռնություն» ՀԿ-ի ղեկավար Պյոտր Զալմայեւի դեմ: Նա պնդում էր, որ դարձել է հալածանքի զոհ, որի նախաձեռնողներն էին գործարարներ Սուլեյման Քերիմովը եւ Արկադի Ռոթենբերգը, ինչպես նաեւ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Ըստ պատգամավորի` կոնֆլիկտի պատճառ էր դարձել իր մասնակցությունը «Մոսկվա» հյուրանոցի վերակառուցման նախագծում:
Եղիազարյանը նշում է, որ դրա հետ կապված իր դեմ մի ամբողջ գործողություն է ծավալվել, եւ ԱՄՆ-ում դա նախաձեռնել էր Զալմայեւը:
Ինչպես գրում է «Կոմերսանտը», Եղիազարյանը դատը տանուլ է տվել: Դատարանը նշել է, որ Զալմայեւի հրապարակած պնդումները հերյուրանք չեն, իսկ պատասխանող կողմի անձնական մեկնաբանությունները պահպանվում են ԱՄՆ-ի` խոսքի ազատության վերաբերյալ օրենքով:
Հիշեցնենք, որ Աշոտ Եղիազարյանի նկատմամբ երկու քրեական գործ է հարուցվել խոշոր խարդախության մեղադրանքով: 2010 թվականի նոյեմբերից նա գտնվում է դաշնային, իսկ դեկտեմբերի վերջից` միջազգային հետախուզման մեջ: 2011 թվականի մարտին Պետդուման հավանություն է տվել նրա ձերբակալմանը:



























