Վիեննայում 33 տարեկան հասակում վախճանվել է ռումինացի տաղանդավոր դաշնակահարուհի Միքայելա Ուրսուլեասան: Նրա մարմինը հայտնաբերվել է օգոստոսի 2-ին` Վիեննայի իր բնակարանում:
Մահվան պատճառները եւ հանգամանքները ճշտվում են: Ըստ տեղական լրատվամիջոցների` մահը կարող էր վրա հասնել ուղեղի արյունազեղման հետեւանքով:
Հայտնի է նաեւ, որ դաշնակահարուհին վերջերս առողջության պատճառով հետաձգել էր 2 համերգ, որոնք պետք է տեղի ունենային Բուխարեստում, հայտնում է NEWSru.com-ը:
Միքայելա Ուրսուլեասան ծնվել էր 1978 թվականին Բրաշով քաղաքում` գնչու երաժշտի ընտանիքում: 5-ամյա հասակում նա առաջին անգամ նստել է դաշնամուրի առաջ, իսկ 13 տարեկանում անվճար ուսման հնարավորթյուն է ստացել հայտնի դիրիժոր Կլաուդիո Աբատոյից եւ 8 տարի սովորել Վիեննայի կոնսերվատորիայում: 1999 թվականին նա հաղթել էր Շվեյցարիայում Կլարա Հասքիլի անվան դաշնակահարների միջազգային մրցույթը: Առաջիկա ամիսներին նա համերգներ ուներ Եվրոպայում եւ օվկիանոսից այն կողմ:
Միխայելա Ուրսուլեասն ուներ 5-ամյա աղջիկ:




























