Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան կարող է երաշխավորել հայ մարզիկների անվտանգությունը բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության ընթացքում, որը կայանալու է 2010 թվականին, Բաքվում: Այս մասին հայտնել է Ֆեդերացիայի փոխնախագահ Աղաջան Աբիեւը:

«Եթե նրանք մասնակցեն առաջնությանը, ապա ոչ մի խնդիր չեմ տեսնում: Մենք կարող ենք երաշխավորել նրանց անվտանգությունը մրցության ժամանակ»,- ասել է նա ու հավելել, որ այդ մրցաշարը Սինգապուրում տեղի ունենալիք պատանեկան խաղերի համար որոշիչ բնույթ է կրելու, «ուստի հայկական կողմի ցանկությունը մեզ հասկանալի է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնական նամակ էր հղել սիրողական բռնցքամարտի միջազգային ընկերակցությանը՝ խնդրելով ապահովել հայ բռնցքամարտիկների անվտանգությունը այդ մրցաշարի ժամանակ: Հատկանշական է, որ անցած տարի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը, որը տեղի ունեցավ Հայաստանում, ադրբեջանցիները հրաժարվեցին մասնակցել, չնայած նրան, որ հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել ամեն տեսակի երաշխիքներ տալ: