Առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման Կովկասում կայունության հաստատումը հնարավոր չէ: Այս մասին, ըստ ադրբեջանական Trend News-ի, ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Բուրաք Օզուգերգինը:
«Կովկասում կայունության համար բավարար չէ միայն Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը: Եթե Հայաստանն իր կողմից չլուծի ղարաբաղյան հակամարտության ծնած խնդիրները, տարածաշրջանում կայունության հաստատումը հնարավոր չէ: Դա ակնհայտ է»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին երկկողմ հարաբերությունների եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարաններում: Թուրքական կողմը, սակայն, արձանագրությունների վավերացումը սկսել է շաղկապել ղարաբաղյան կարգավորման հետ:




























