«2009 թ. հայ ժողովրդի համար, քաղաքական առումով, ամենալարված տարիների շարքին կարելի է դասել. ազգի համար մտահոգություններով ու ճակատագրական պահերով լի մի տարի, որը, իհարկե, բնական շարունակությունը կարելի է համարել առնվազն երկու նախորդ տարիների»: Այդ մասին ասված է Եվրոպայի հայերի համագումարի ամանորյա ուղերձում:
ԵՀՀ-ն նշել է, որ «2009 թ. Սփյուռքը նույնպես ցուցաբերեց քաղաքական աննախադեպ հանձնառու վերաբերմունք եւ աշխուժություն՝ իր լուրջ վերապահությունն արտահայտելով համազգային խնդիրներին վերաբերող գործելաոճի, մանավանդ ՀՀ-ի կողմից ստորագրված արձանագրությունների բովանդակության նկատմամբ»: «Սփյուռքը դանդաղ, բայց հաստատուն եւ հանձնառու վերաբերմունք ցուցաբերեց Հայաստանի իր քույրերի եւ եղբայրների հասարակական, տնտեսական եւ քաղաքացիական ոչ նախանձելի պայմանների, եւ ընդհանրապես, Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը վերաբերվող հարցերի նկատմամբ, գիտակցելով, որ Հայաստանում ապրող Հայությունը կանգնած է կրկնակի դժվարությունների եւ սպառնալիքների առաջ»,- նշել են եվրոպահայերն ու հավելել. «Եվրոպայի Հայերի Համագումարը մաղթում է, որ 2010 թ. լինի իրականացված ցանկությունների տարի, սակայն քաջ գիտակցելով, որ կանգնած ենք պատմական մարտահրավերների առաջ՝ մեր տեսիլքներն իրականություն դարձնելու համար, պարտադիր պետք է լինենք զգոն եւ անսխալական, ցուցաբերենք համարժեք վերաբերմունք եւ անցյալից դասեր քաղելով՝ հաղթահարենք մեր դեմ ծառացած, անհաղթահարելի թվացող դժվարությունները»:




























