Լոռիի մարզի Ջրաշեն համայնքում այս տարի կարտոֆիլի եւ կաղամբի առատ բերք է սպասվում: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Ջրաշեն համայնքի ղեկավար Վահան Ուռուսյանն ասաց, որ ընդհանուր առմամբ ցանվել է շուրջ 90 հա կարտոֆիլ, եւս 120 հա կաղամբ: «Բույսերի վիճակը այս տարի շատ լավ է, տարին կարելի է մինչ այս պահը բարեհաջող համարել, մնում է բերքը սեպտեմբերին հավաքվի ու նոր վերջնական եզրակացություն անենք»,- ասաց նա: Գյուղապետի փոխանցմամբ` նախորդ տարի լուրջ խնդիրներ են առաջացել կաղամբի իրացման հետ կապված, ըստ նրա կաղամբի ստացված բերքի կեսից ավելին գյուղացին փչացրել է: «Շուրջ 5000 տոննա կաղամբ էր գյուղում փչացել, մարդիկ չկարողացան իրացնել…»:
Գյուղապետը հույս ունի, որ այս տարի նման խնդիրներ չեն առաջանա. «Չնայած կարտոֆիլի գինը հիմա ցածր է, սակայն կաղամբը նորմալ է»: Ջրաշենցիները ևս հիմիկվանից արդեն անհանգստացած են. «Առատ բերք է սպասվում, ողջ տարին չարչարվել ենք, մնում է կարողանանք վաճառել ու օգուտը տեսնենք»:
Նշենք, որ 3600 բնակիչ ունեցող Ջրաշեն համայնքի հիմնական զբաղվածությունը հողագործությունն ու անասնապահությունն է: Հիմնականում մշակում են կաղամբ ու կարտոֆիլ:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի



























