The New York Times-ը հրապարակել է հայտնի թուրք իրավապաշտպան, Թուրքիայում «Ակոս» թերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթհիե Չեթինի «Տոհմածառ, որ արմատախիլ է արվել 60-ամյա գաղտնիքի պատճառով» հոդվածը: Հոդվածում Չեթինը նշում է, որ միայն ուսանողական տարիներին է իմացել իր հայկական ծագման եւ իր Հերանուշ տատի՝ 60 տարի գաղտնի պահվող պատմության մասին, որ փրկվել էր թուրքերի սպանդից եւ որդեգրվել թուրք զինվորականներից մեկի կողմից:
Արդյունքում Չեթինը պարզել է, որ իր տատն այն հազարավոր հայ երեխաներից է, որոնց թուրքերը որդեգրել են 1915-18թթ.. ցեղասպանության ժամանակ, մինչ նրա ծնողները հազիվ փրկվելով, սպանդից հասել են Միացյալ Նահանգներ եւ փորձել նոր կյանք սկսել",- գրում է թերթը:
Ֆեթհիե Չեթինը հոդվածում նշում է, որ «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ստորագրված արձանագրությունները, որ դեռ պիտի վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից, կարող են հեռուն գնացող հետեւանքներ ունենալ»: «Դրանք կարող են օգնել փակուղում գտնվղ Հայաստանին դուրս գալ տնտեսական մեկուսացումից եւ նոր խթան տան Թուրքիայի ԵՄ-ին անդամագրվելուն, որտեղ ցեղասպանության հարցը գլխավոր խոչընդոտներից է: Արձանագրությունները նաեւ կարող են օգնել կողմերին հաղթահարել փոխադարձ մեղադրանքները»,- գրել է իրավապաշտպանը:
«Երբ ես իմացա տատիս պատմությունը, երկար ժամանակ շոկի մեջ էի: Թուրքական գրքերում հայերի կոտորածի մասին ոչինչ գրված չէր, այն ջնջված էր թուրքերի կոլեկտիվ հիշողությունից, այն ժամանակ, երբ տատիկն ու նրա նմանները խորը թաղել էին իրենց մեջ եւ լռության մատնել իրենց հայկական ինքնությունն ու ապրած սարսափները»,- ասել է Չեթինն ու հավելել. «Հայկական հարցը ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա տաբու է Թուրքիայում: Ինձ համար ցավալի է, որ մարդիկ, որ բարձրաձայն խոսում են աշխարհի անարդարության եւ այն ավելի լավը դարձնելու անհրաժեշտության մասին, հայկական հարցի վերաբերյալ խոսում են միայն շշուկով»:
Չեթինը կարծում է, որ «Թուրքիան պետք է համակերպվի իր անցյալի հետ, եւ առաջին հերթին մարդիկ իմանան, թե ինչի հետ են համակերպվում»:
Թուրք իրավապաշտպանի կարծիքով, այժմ հասել է այն վճռական պահը, որ Թուրքիան եւ Հայաստանը վերջապես նայեն անցյալի ուրվականի աչքերի մեջ եւ հաղթահարեն թշնամությունը, որ ամենատեւականն ու խորերից մեկն է աշխարհում:




























