Ամանորին Հայաստանում մի քանի դժբախտ դեպքեր են գրանցվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 1-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում զառիթափից մարդ է գլորվել ձորը եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարների օգնությամբ ձորից դուրս է բերվել Կապանի բնակիչ, 1944 թ. ծնված Պ. Մարտիրոսյանը, որը հանձնվել է շտապ օգնության աշխատակիցներին: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հունվարի 3-ին, Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.10-ին Սեւանա լճի ափամերձ տարածքում` սերֆինգի դպրոցի մոտ (Ախթամար թերակղզում) հայտնաբերվել է դիակ: Ժամը 09:20-ին փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել եւ ոստիկանության աշխատակիցներին հանձնվել ՌԴ քաղաքացի, 1966 թ. ծնված Արթուր Վերդյանի դին:

Հունվարի 3-ին, Ժամը 18.12-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դրոյի փողոցի թիվ 18 շենքի 13-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան զանգերին եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է ոտքի կոտրվածք ստացած եւ անօգնական վիճակում գտնվող, 1925 թ. ծնված Բավական Անտոնյանը:

Հունվարի 5-ին, ժամը 04.30-ին ստացված ահազանգի համաձայն` Արարատ քաղաքի հիվանդանոցի հարեւանությամբ գտնվող դիտահորի մեջ կին է ընկել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները դիտահորից դուրս են բերել Արարատ քաղաքի բնակչուհի, 1939 թ. ծնված Մարգուշ Մարգարյանին եւ տեղափոխվել Արարատ քաղաքի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար: Նույն օրը Վայոց ձորի մարզի Ագարակաձորի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ ինքնափլուզվել է նույնգյուղի բնակիչ Սեդա Մաթեւոսյանին պատկանող առանձնատունը: Դեպքի վայր են մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները: Տեղում պարզվել է, որ առանձնատունը բնակեցված չի եւ ունեցել է 5-րդ աստիճանի վթարայնության կար: Տուժածներ չկան:

Նույն օրը, ժամը 16.00-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում հոսանքահարվել եւ զոհվել է նույն գյուղի բնակչուհի, 1955 թ. ծնված Սուսաննա Դավթյանը: Դեպքի վայրում փրկարարները բարձր լարման հաղորդալարերի տակ (որոնք գետնից բարձր են եղել մոտ 1,5 մետր) հայտնաբերել են Ս. Դավթյանի դին եւ սատկած մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Հոսանքազրկումից հետո փրկարարների ուժերով դիակը տեղափոխվել է շտապօգնության ավտոմեքենա: