Հայաստանի շախմատի հավաքականը թուրքական Բուրսա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 3-րդ տուրի արդյունքներով հայտնվեց առաջին հորիզոնականում՝ հավաքելով 7,5 միավոր: 3-րդ տուրում Հայաստանը ջախջախեց Թուրքիայի ընտրանուն 3,5:0,5 հաշվով:

Մյուս խաղերում Հնդկաստանը հաղթեց Ադրբեջանին 2,5:1,5 հաշվով, Իսրայելը՝ Բրազիլիային 2,5- 1,5 հաշվով, Ռուսաստանը՝ ԱՄՆ-ին 3-1 հաշվով, Եգիպտոսը՝ Հունաստանին՝ 2,5:1,5 հաշվով:

Միանգամից 4 հավաքական՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Իսրայելն ու Միացյալ Նահանգները 7-ական միավորով կիսում են 2-5-րդ հորիզոնականները: 6-րդ հորիզոնականում Հնդկաստանի հավաքականն է, իսկ տասնյակը եզրափակում է Թուրքիայի հավաքականը:

Հունվարի 8-ին կայանալիք 4-րդ տուրում իրար հետ մրցելու են Հայաստանն ու Բրազիլիան, Հունաստանն ու Իսրայելը, Միացյալ Նահանգներն ու Եգիպտոսը, Թուրքիան եւ Հնդկաստանը, իսկ Ադրբեջանը մրցելու է Ռուսաստանի հավաքականի հետ: