Քոբուլեթիի ճանապարհին հայկական համարանիշներով մեքենա է շրջվել: Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 19-ին, ժամը 13.40-ին քաղաքացի Ա. Գասպարյանից ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վրաստանում տեղի է ունեցել պատահար. մեքենայում եղել են վերջինի որդին ու հարազատները:

ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել ավտոմեքենայի վարորդի հետ. պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին ժամը 06.00-ի սահմաններում՝ Սամտրեդիա-Քոբուլեթի ճանապարհին: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 25 ՏՕ 038 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու շրջվել, ինչի հետեւանքով ուղեւորներ՝ 2004թ. ծնված Մարի ու 1981թ. ծնված Լիլյա Մովսիսյանները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր: Կապ է հաստատվել նաեւ Վրաստանում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ, ովքեր վստահեցրել են, որ ամեն ինչ արվում է մեր հայրենակիցներին օգնելու համար: