Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այսօր` օգոստոսի 20-ին եղավ Արմավիրի եւ Վաղարշապատի բուժհաստատություններում։ Արմավիրի բժշկական կենտրոնը երկու տարի առաջ հիմնանորոգվել եւ ժամանակակից սարքավորումներով հագեցվել է Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում։
«Իհարկե, ես տեղյակ եմ, թե մարզային հիվանդանոցներն ինչ արդյունավետությամբ են աշխատում։ Այս այցերի նպատակն է տեղում տեսնել, թե ինչ ծանրաբեռնվածությամբ են օգտագործվում սարքավորումներն ու ստեղծված հնարավորությունները։ Այս կենտրոնը հանրապետության առաջատար կլինիկաներից մեկը կարող է դառնալ։ Մենք գտնում ենք, որ նման հագեցվածություն ունեցող բուժհաստատություններում որոշակի ծառայություններ կարող են երկրորդ մակարդակ ապահովել, ինչը հնարավորություն կտա որոշակի բարդությունների դեպքում տեղում համապատասխան բուժօգնություն ապահովել։ Դրանով եւս կկրճատվի հիվանդների արտահոսքը մայրաքաղաք»,-ի պատասխան լրագրողների հարցի ասաց նախարարը։
Եթե այստեղ բարձր տեխնոլոգիաների՝ մասնավորապես հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվության արդյունավետ օգտագործման խնդիր դրվեց, ապա Վաղարշապատի ծննդատանը պահանջները խիստ կենցաղային էին։ Բավական է ասել, որ ծնարանում հիգիենիկ, հակահամաճարակային անմխիթար վիճակ է։ Ծննդատունը չի համագործակցում նույն շենքի հակառակ թեւում գտնվող կանանց կոոնսուլտացիայի հետ։ Այս ամենի արդյունքում 2011 թվականին այստեղ հաշվառված 1600 հղիներից մոտ 1000-ը Երեւանի տարբեր կլինիկաներում է ծննդաբերել։ Իրավիճակը չի փոխվել նաեւ ընթացիկ տարում։ Նախարարը եւ մարզպետը որոշեցին առաջիկայում քննարկել այս ծառայության բարելավման հարցը։




























