Հալեպի առաջնորդարանի շրջակայքում բախումներ տեղի են ունեցել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Ազատ հայ» հայության կայքէջի խմբագիր Հրաչ Քալսահակյանը:
«Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Առաջնորդարանի շրջակայքում, ինչպես նաև քաղաքի Թիլել շուկայի շրջակայքում տեղի են ունեցել բախումներ»,- նշեց Հ. Քալսահակյանը: Առաջնորդարանի թաղամասը հայաբնակ չէ, սակայն Թիլել շուկայի շրջակայքում կա հայկական պատմական ակումբի շենք: Այդ գոտին, ինչպես նաև պատմական Հոգետան շրջակայքն (որը դարձյալ հայաբնակ չէ) արդեն դարձել է վտանգավոր: Կիլիկյան ճեմարանի եւ Ազգային պատսպարանի (որբանոցի) կառույցները նույնպես գտնվում են այդ տարածքի հարևանությամբ:
Ընդդիմադիրները, մոտենալով հայերով եւ քրիստոնյաներով բնակված շրջաններին, կոչ են ուղղել բնակիչներին, որ չխանգառեն իրենց առաջխաղացմանը:
Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ինտերնետային եւ հեռախոսային կապը քաղաքի հետ խզված է:




























