Անկարայում թուրք դեսպանների հետ ամենամյա հանդիպմանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել նրանց ավելի ակտիվորեն պաշտպանել երկրի շահերը:

«Այսօր Թուրքիան քսանամյա վաղեմության երկիրը չէ: Այն արագ զարգացող երկիր է, ինչի մասին գիտեն բոլորը: Մենք պետք է ակտիվություն ցուցաբերենք ահաբեկչության դեմ պայքարում եւ այլ հարցերում»,- ասել է նա:

Էրդողանը մանրամասն անդրադարձել է նաեւ Հայկական հարցին՝ դիվանագետներին հրահանգելով արագ արձագանքել «մեղադրանքներին»: «Մենք պատասխանատվություն չենք կրում անցյալի համար, մենք պետք է մտածենք ապագայի մասին: Եւ երբ բախվում ենք անարդարության հետ, պետք է արձագանքենք»:

Բացի այդ, նա հիշեցրել է Թուրքիայի 72 մլն քաղաքացիների մասին, որոնք աջակցում են դիվանագետներին, վստահ լինելով, որ նրանք արժանապատվորեն են ներկայացնում Թուրքիան արտերկրում: «Ոչնչից մի վախեցեք, ձեզ նշանակել են այդ պաշտոններում, որ պաշտպանեք Թուրքիայի շահերը: Եւ կարող եք վստահ լինել, որ պետությունը, երկրի կառավարությունն ու ժողովուրդը միշտ կաջակցեն ձեզ»,- ամփոփել է թուրք վարչապետը: