ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր` օգոստոսի 21-ին,  Կոտայքի մարզում էր։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից: Մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ նախարարը եղել է Հրազդանի, Չարենցավանի եւ Եղվարդի բուժհիմնարկներում։

Նշենք, որ Հրազդանի բժշկական կենտրոնը 2009-ի դեկտեմբերին է վերաբացվել, հիմնանորոգվել էր  Համաշխարհային բանկի վարկային  ծրագրի շրջանակներում: Տարեկան այստեղ 600 տարբեր վիրահատություն է կատարվում, գործում է վերակենդանացման ծառայության շուրջօրյա հերթապահություն։ Կենտրոնի ծանրաբեռնվածությունը որոշակիորեն մեծանում է ամառային ամիսներին՝  շրջակա հանգստավայրերի ու ճամբարների այցելուների սպասարկումով։ Նախարարի հրամանով հուլիսի 27-ից Երեւան-Սեւան մայրուղում շտապ բժշկական օգնության հերթապահությունները չորս հատվածներից  երեքում իրականացնում է այս կենտրոնը։

«Իմ պաշտոնավարման երկու ամիսների ընթացքում հասցրել եմ շատ տեղերում լինել եւ մարզերում առկա որոշակի խնդիրներ ինձ համար հստակեցրել եմ։ Դրանց մի մասին արդեն լուծում տրվում է, մի մասին էլ առաջիկայում կանդրադառնանք։ Ես եկել եմ ձեզ ասելու, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի պետության կողմից մարզերին հատկացվող միջոցները մնան տեղերում, եւ դուք ավելի լավ վարձատրվեք։  Քայլեր ենք նախատեսում նաեւ բուժաշխատողների բժշկական  սպասարկման խնդիրն աստիճանաբար լուծելու նպատակով։ Ես միշտ լինելու եմ ձեր կողքին, բայց նաեւ պիտի վստահ լինեմ, որ դուք էլ իմ կողքին եք եւ միասին պիտի աշխատենք հանուն մեր ազգաբնակչության առողջության»,-ասաց  Դերենիկ Դումանյանը Հրազդանի եւ Չարենցավանի ԲԿ-երի կոլետիվների հետ հանդիպման ժամանակ։

Իսկ Չարենցավանի բժշկական կենտրոնում շինարարական աշխատանքներ են ընթանում։ Սակայն, ինչպես նախարարը նկատեց, այստեղ շենքային արդյունավետ կառավարման մոդել ստեղծելու խնդիր կա։ Այդ նպատակով Դերենիկ Դումանյանն առաջարկել է  համագործակցել նախարարության համապատասխան մասնագետների հետ։

Այս խնդիրն առավել սուր է ծառացած Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Արտառոց է հատկապես ծննդատանը տիրող վիճակը։ Պատահական չէ, որ այստեղ հաշվառվող հղիների զգալի մասը այլ ծննդատներում է ծննդաբերում։ Նախարարը եւ մարզպետը պայմանավորվել են կենտրոնի պայմանների բարելավման ուղղությամբ համատեղ լուծում գտնել։