Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը օգոստոսի 21-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տյան Չանչունին։
ՍԴ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանը ՍԴ նախագահին նվիրել է երկու երկրների միջեւ դիվանագիտական կապերի հաստատման 20-ամյակին նվիրված հատուկ ժողովածուն եւ այդ նպատակով Չինաստանում հատուկ թողարկված դրոշմանիշի օրինակը։
Կարեւորվել է վերջին տարիներին իրավական ոլորտում հայ-չինական հարաբերությունների ակտիվ զարգացումը։
ՍԴ նախագահը սահմանադրական դատարանի անունից դեսպանի միջոցով հրավի¬րել է Հայաստան այցելել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային մեծ Ժողովի մշտական կոմիտեի իրավական հանձնաժողովի պատվիրակությանը, որի վրա է դրված այդ երկրում սահմանադրական վերահսկողության իրականացման հիմնական առաքելությունը։ ՍԴ նախագահը դեսպանին հանձնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սահմանադրության արժեբանական առանձնահատկություններին նվիրված՝ վերջերս գրված իր հոդվածի տեքստը։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմանի համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։




























