Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ օգոստոսի 21-ին կայացել է սիրիահայերի հիմնախնդիրներին առնչվող խորհրդակցություն, որին մասնակցել են նաեւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին,  Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, Հակոբյանը նշել է, որ նախարարությունը սիրիահայության հարցերով զբաղվող գլխադասային գերատեսչությունն է եւ, սկսած փետրվարից, զբաղվում է սիրիահայերի հիմնախնդիրներով:

Նախարարն ընդգծել է, որ Հայաստան ժամանած սիրիահայերի կողմից բարձրացվում են կեցության, կրթության, առողջապահության, անձնագրերի եւ մուտքի արտոնագրերի տրամադրման հետ կապված հարցեր, որոնք դասակարգվում են եւ վերահասցեագրվում համապատասխան պետական կառավարման մարմիններին:

Ներկայացվել է նաեւ սիրիահայերի հիմնահարցերի լուծման ուղղությամբ Սփյուռքի նախարարության կատարած աշխատանքների հաշվետվություն։

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշել է, որ կացարան ստանալու ակնկալիքով միգրացիոն ծառայություն է դիմել 41 ընտանիք` 76 անդամով, 27 ընտանիք արդեն իսկ ստացել է ժամանակավոր կացարան:

Առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանի վստահեցրել է, որ նախարարություն դիմած եւ բժշկական օգնության կարիք ունեցող բոլոր սիրիահայերը ստանում են պատշաճ բուժսպասարկում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 1-ին տեղակալ Արայիկ Պետրոսյանը տեղեկացրել է, որ հանձնարարական է տրվել զբաղվածության կենտրոններին առաջնահերթության կարգով բավարարել սիրիահայերի խնդրանքները:

Աշխատաժողովի ընթացքում առանձնահատուկ ուշադրությամբ քննվել են կրթության ոլորտին վերաբերող խնդիրները, հատկապես` սիրիահայ դիմորդների` ատեստատների բացակայության դեպքում պաշտոնական փաստաթղթով անձնական գործերի ընդունման հարցը, դիպլոմների նույնականացման, բուհերի վարձավճարների զեղչման եւ զիջման տարբերակները, մանկապարտեզներում եւ դպրոցներում երեխաների ընդունելության, սիրիական ծրագրով դպրոցի հիմնմանն առնչվող հարցեր:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացրել է սահմանային կետերում մուտքի վիզաների տրամադրման, հեշտացված ռեժիմով վիզաների եւ անձնագրերի տրամադրման, քաղաքացիության ստացման  գործընթացները, տեղեկացրեց, որ չեն կիրառվել ժամկետանց վիզաների դեպքում սահմանված տույժերը, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիություն ստանալիս ծննդյան վկայականների բացակայության դեպքում հիմք են ընդունվում ազգությունը հաստատող այլ փաստաթղթերը:

ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել շրջաբերականով տեղեկացնել բանկերին առավել մեծ ուշադրութուն  դարձնել բանկերում հաշիվներ բացել ցանկացող սիրիահայերի սպասարկմանը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է ամառային ճամբարներում տեղավորված երեխաների հանգստի կազմակերպման աշխատանքները, նշեց, որ շուտով սպասվում է Հալեպից եւս 150 դպրոցականների ժամանում:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը նշել է, որ Սիրիա մեկնողների համար նախատեսվել են լրացուցիչ չվերթներ:

Առաջիկայում ՀՀ արդարադատության եւ էկոնոմիկայի նախարարությունների աջակցությամբ կպատրաստվեն թերթոններ, որոնց միջոցով սիրիահայերը մատչելի կերպով կտեղեկանան իրենց իրենց հուզող հարցերի իրավաօրենսդրական կարգավորումներին:

Որոշվել է օգոստոսի 22-ին Սփյուռքի նախարարությունում կազմակերպել հավաք-խորհրդակցություն, որին կմասնակցեն նաեւ ավելի քան 100 սիրիահայեր: Հանդիպմանը ներկա կլինեն սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչները: