Ով ավելի շատ աշխատի, նա էլ կընտրվի Պոլսո հայոց համապատրիարքի պաշտոնում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Սարգիս Սերոբյանը՝ մեկնաբանելով համապատրիարքի առաջիկայում կայանալիք ընտրությունները:
Վերջինս նաեւ հայտնեց, որ պոտենցիալ թեկնածուներից է նաեւ Պոլսո պատրիարքարանի հոգեւոր ժողովի ատենապետ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: «Բնական թեկնածուները 7-8 հոգի են, բայց այսօր, որպես բնական թեկնածուներ, երեք եպիսկոպոսներ կան»,- նշեց Սերոբյանը եւ հավելեց, որ Արամ Աթեշյանը դեռ պաշտոնապես չի առաջադրել իր թեկնածությունը:
Իրենց թեկնածությունն արդեն առաջադրել են Հայաստանի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանն ու Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին եպիսկոպոս Բեկչյանը, որոնք երկուսն էլ ծնվել են Թուրքիայում: Բեկչյանը արդեն վաղը Գերմանիայից պիտի ժամանի Պոլիս, որտեղ կիրակի օրը պատարագ պիտի մատուցի: «Չուլջյանը, երեւի, Պոլիս գալու դժվարություններ ունի, բայց պետք է ժամ առաջ գա եւ աշխատանք ձեռնարկի, եթե թեկնածությունը դնելու միտք ունի: Ստամբուլահայությունը Չուլջյանին չի ճանաչում: Նա պիտի աշխատի, որ շանս ունենա ընտրվելու»,- նշեց Սերոբյանը:
Վերջինս նաեւ խուսափեց նշել, թե ով ավելի մեծ հնարավորություններ ունի ընտրվելու: «Նա ով շատ աշխատի նա էլ կընտրվի: Ստամբուլահայության անունից խոսելու իրավունք ոչ ոք չունի, անգամ պատրիարքը»,- նշեց «Ակոսի» խմբագիրը:
Նշենք, որ համապատրիարքի ընտրություններին մասնակցելու են Ստամբուլի հայ համայնքի ավելի քան 50 հազար անդամներ։ Համապատրիարքի ընտրություններն անց են կացվում Մեսրոպ պատրիարք Մութաֆյանի հիվանդության պատճառով:




























