Հալեպի հայկական թաղամասում եւ հայաբնակ շրջաններում մարտերից հայեր չեն զոհվել։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Հալեպի աղբյուրը, ով նշեց, որ այժմ հայկական թաղամասը կրկին վերահսկում է կառավարական զորքը, եւ իրավիճակը հանդարտվել է։

«Այսօր թեժ բախումներ են տեղի ունեցել։ Վնասվել են հայկական եւ ուղղափառ եկեղեցու շենքերը։ Բարեբախտաբար մարտերի արդյունքում հայեր չեն զոհվել»,- ասաց նա՝ նշելով, որ «Սիրիայի ազատ բանակի» գրոհայինները հայկական թաղամասը գրավելուց հետո խաղաղ բնակչությանը ձեռք չեն տվել։ Նույն չեզոքություն են պահպանել նաեւ թաղամասը ետ գրաված կառավարական զորքերը։

Ըստ աղբյուրի՝ Հալեպի օդանավակայանի ճանապարհը վերահսկում են ապստամբները, սակայն Հայաստան մեկնող հայ երեխաների ավտոբուսները առանց խոչընդոտների հասել են օդանավակայան։

Տեղեկացնենք, որ քիչ առաջ երկու ինքնաթիռ է ժամանել Հալեպից Երեւան։ Նրանցով Հայաստան են եկել 160 հալեպահայ երեխաներ։