Հայաստանում այսուհետ գործելու է միասնական Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ), որի ղեկավար մարմինը կոչվում է Հանրապետական վարչություն: Վարչությունը կազմված է 25 անդամներից` Հակոբ Ավետիքյանի ատենապետությամբ:
Ինչպես հայտնում են ՌԱԿ հանրապետական վարչությունից, օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության կողմից պաշտոնապես գրանցվել է Ռամկավար ազատական կուսակցությունը: Այս որոշմամբ պաշտոնապես վավերացվել են ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների հունիսի 3-ի միավորիչ-հիմնադիր համագումարի բոլոր որոշումները:
Հետեւաբար Ռամկավար ազատական կուսակցությունը հանդիսանում է ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների իրավահաջորդը եւ իրավաժառանգորդը:
«Հայաստանի Հանրապետությունում գործող Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կանոնադրական եւ ծրագրային հիմանդրույթները իրենց արմատներով կապված են 1885 թ. Վանում ստեղծված Արմենական եւ 1921թ. Կ. Պոլսում հիմնադրված Ռամկավար ազատական կուսակցության գաղափարախոսության հետ: Հայաստանում այսուհետեւ գործող ՌԱԿ-ը հանդիսանում է ռամկավարական եւ ազատական գաղափարախոսության կրողը եւ տարածողը հայրենիքում»,-նշվում է վարչության հաղորդագրությունում:




























