Թուրքական Բուրսա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը քիչ առաջ ոչ ոքի՝ 2-2 հաշվով է ավարտել հանդիպումը Հնդկաստանի ուժեղ հավաքականի հետ: Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ տարավ Պ. Հարիկրիշնանի նկատմամբ, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի ավարտեց հանդիպումը Սուրյա Շեխար Գանգուլիի, Տիգրան Պետրոսյանը՝ Նարայանան Գոպալ Գետայի հետ: Մեր ընտրանու կազմում պարտություն կրեց թիմի առաջատար Լեւոն Արոնյանը՝ գրոսմայստեր Կրիշնան Սաշիկիրանից: Ի դեպ, Տիգրան Պետրոսյանն այս անգամ էլ ռեկորդ «սահմանեց» խաղի տեւողության առումով, նրա մրցավեճը տեւեց մոտ 6 ժամ:
Մյուս պարտիաներում Ռուսաստանը 3,5:0,5 հաշվով ջախջախեց Թուրքիայի հավաքականին, ԱՄՆ-ը 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարավ Իսրայելի նկատմամբ: Ադրբեջան-Եգիպտոս, Հունաստան-Բրազիլիա հանդիպումներն ավարտվեցին միանման 3-1 հաշվով:
5-րդ տուրից հետո Հայաստանի ընտրանին լքեց առաջատարի դիրքերը, բայց հուսանք՝ ժամանակավորապես: Հայաստանը 12 միավորով հանգրվանել է 3-րդ հորիզոնականում, երկրորդը՝ ԱՄՆ-ն է՝ 12,5 միավորով, իսկ միանձնյա առաջատարը, շնորհիվ խոշոր հաշվով հաղթանակի, Ռուսաստանն է՝ 13 միավորով:
Հունվարի 10-ին կայանալիք 6-րդ տուրում Հայաստանը հանդիպելու է Հունաստանի հավաքականի հետ:




























