ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը փետրվարին կհանդիպի ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-թուրքական հարաբերությունները։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայկական Ասսամբլեան։
ԱՀԱ-ի տնօրեն Բրայան Արդունիի խոսքով, Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության ֆոնին ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները պետք է կրկնապատկեն ուժերը, որպեսզի Վաշինգտոնը ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ԱՄՆ Կոնգրեսում համապատասխան բանաձեւ ընդունվի։ Ինչպես նա նշել է, ՀՀ նախագահը համարձակ քայլերի է գնացել, մինչդեռ Անկարան խոչընդոտում է հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Պետքարտուղարի հետ հանդիպումը լուրջ հնարավորություն է՝ քննարկել Թուրքիային պատասխանատվության հրավիրելու՝ ամերիկյան վարչակազմի գործողությունները»։
Քննարկումներին հրավիրված են ԱՀԱ-ի, Համահայկական Բարեգործական Միության, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան եւ Արեւմտյան թեմերի, «Վարդանի ասպետներ» կազմակեպության եւ Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեի ներկայացուցիչներ։




























