Օգոստոսի 28-ից 31-ը այցով Չեխիայի մայրաքաղաք էր այցելել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Օգոստոսի 29-ին Պրահայում ՀՀ դեսպանությունում պարոն Դեմոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը ներկայացնելու նպատակով:
Օգոստոսի 31-ին Պրահայի արվարձան Լիդիցե ավանում Հայկ Դեմոյանը եւ Լիդիցեի հուշահամալիրի տնօրեն Միլոշ Չերվենցլը ստորագրեցին Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ Լիդիցեի հուշահամալիրի միջեւ համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը նախատեսում է ցուցահանդեսների, ցուցանմուշների եւ հրատարակումների փոխանակում, պատմական եւ արխիվային նյութերի տրամադրում, փորձագետների փոխանակում:
Ստորագրման արարողությանը նախորդած քննարկումների ընթացքում առաջարկվեցին համագործակցության կոնկրետ ծրագրեր:
Հանդիպմանն ու արարողությանը մասնակցում էին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, դեսպանության եւ հուշահամալիրի աշխատակիցներ, հայ համայնքի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, Չեխիայում անցկացվող «Ինը դարպաս» փառատոնի շրջանակներում Հայոց Ցեղասպանությանը եւ Մուսալեռան հերոսամարտին նվիրված գիտական կոնֆերանսի կազմակերպիչ, «Չարիքի հնեաբանություն» կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը:
Հանդիպման մասնակիցները ծաղիկներ դրեցին Լիդիցեում նահատակված 82 երեխաների հուշակոթողին եւ դիտեցին հուշահամալիրի պատկերասրահի եւ թանգարանի ցուցադրությունները:



























