«Հայաստանի իշխանությունները անզգուշաբար խրվեցին հայ-թուրքական գործընթացի մեջ, սակայն դրա տերը չեն: Որքան շուտ կատարած սխալները գիտակցեն, այնքան հեշտ կլինի խուսափել սպառնալիքներից, որ կախված են երկրի եւ ժողովրդի գլխին»,- հունվարի 11-ին Հայ հեղափոխական դաշնակցության կողմնակիցների հանրահավաքին հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, հայ-թուրքական արձանագրությունների իրագործումից երկրի իշխանությունների հրաժարումը ժողովրդի կողմից կընկալվի որպես տղամարդկային քայլ՝ միտված կատարած սխալների ուղղմանը: Խոսելով հետագա պայքարի մասին՝ Ա.Ռուստամյանը նկատեց, որ Սահմանադրական դատարանի անդամները պատմական հնարավորություն ունեն իրենց վճռով կանխել Հայաստանի համար վտանգներով հղի իրադարձությունների զարգացումները: «Արձանագրությունների հետ կապված ողջ գործընթացն իրականացվել է հանրությունից թաքուն: Պատահական չէ, որ հայտարարությունները հնչում էին գիշերը, քանի որ տեղի ունեցածը պատված է խավարով»,- ասել է ՀՅԴ ներկայացուցիչը:
Ռուստամյանն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունները Սահմանադրությանը հակասող կամ մասամբ հակասող հռչակելը գործադիր իշխանությանը թույլ կտա վերանայել փաստաթղթերի դրույթները եւ հայ ժողովրդի շահերից բխող փոփոխություններ կատարել: ՀՅԴ ներկայացուցիչը հայտնեց նաեւ, որ ՍԴ կողմից արձանագրությունները Հիմնական օրենքին համապատասխանող ճանաչելու դեպքում բոլոր ջանքերը պետք է ուղղվեն խորհրդարանի պատգամավորների հետ աշխատանքին, որ նրանք դեմ քվեարկեն հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը: Այդ նպատակով կոչ հնչեց՝ ակտիվացնել ստորագրահավաքը բնակչության շրջանում քանի որ ներկայիս 70 հազարը բավարար չէ:




























