Հայաստանի Սահմանադրական դատարանը 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները կքննարկի գրավոր ընթացակարգով։ Այս մասին այսօր, նախքան այդ քննարկումն սկսելը, հայտնեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանը իր որոշման մասին կհայտնի ընթացակարգի ավարտից մեկ ժամ առաջ:
Գ. Հարությունյանի խոսքով, դեռ հայտնի չէ, թե երբ ՍԴ-ն որոշում կկայացնի: «Ես չեմ կարող ասել, թե երբ կկայացվի որոշումը, կարող է այսօր, կարող է` վաղը»,- ասել է նա ու հավելել, որ որոշում կայացնելու համար առավելագույն ժամկետ է սահմանված երեք ամիս:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը լրագրողներին հայտնեց, որ ՍԴ-ում գրավոր անցկացնելու ընթացակարգը նախատեսված է օրենքով, սակայն հաշվի առնելով հարցի կարեւորությունը, ՍԴ-ն կարող էր որոշում կայացնել բաց քննարկում անցկացնելու մասին: Նա հույս հայտնեց, որ Սահմանադրական դատարանի որոշումը հայ ժողովրդի օգտին կլինի:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն դեմ է հանդես գալիս հայ-թուրքական 2 արձանագրությունների վավերացմանը եւ այսօր ՍԴ շենքի դիմաց պիկետ է կազմակերպել, որը սակայն բավականին սակավամարդ է: Պիկետի ընթացքում նախատեսվում է ՍԴ անդամներին հայտարարության տեքստի հանձնում, հայ-թուրքական արձանագրությունների եւ սկզբունքների խորհրդանշական այրում եւ թռուցիկների բաժանում: Բացի դրանից երեկ ՀՅԴ-ն բողոքի հանրահավաք է անցկացրել Շահումյանի անվան հրապարակում: ՀՅԴ-ին են միացել եւս 10 կազմակերպություններ: ՍԴ-ի շենքի մոտ են հավաքվել նաեւ մի խումբ ակտիվիստներ՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, ովքեր նույնպես բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ արձանագրությունների վավերացման:
NEWS.am-ն ավելի վաղ նշել է, որ ՍԴ-ում արձնագրությունները ներկայացնելու է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Դաշնակցությունը պահանջում է ԱԳ նախարարի հրաժարականը՝ դա հիմնավորելով նրանով, որ ԱԳ նախարարի փոփոխությունը կարող է արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն նշանակել:
Հայ-թուրքական արձանագրությունները ՍԴ է ներկայացրել Սերժ Սարգսյանը՝ նոյեմբերի 19-ին:




























