Սեպտեմբերի 6-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Հունգարիայի դեսպանության առջեւ կայացել է բողոքի ցույց` ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի մարդասպան Ռ.Սաֆարովին հունգարական իշխանությունների կողմիցԱդրբեջանին հանձնելու, այնուհետ` ազատ արձակվելու կապակցությամբ:

Իսպանահայությունը ներկայացնող Մադրիդի հայ երիտասարդների միության, Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի եւ Իսպանիայի Հայ ազգային խորհրդի առաջնորդությամբ ցուցարարները, շղթա կազմելով Հունգարիայի դեսպանության առջեւ, ցուցանակների եւ բարձրախոսի միջոցով իրենց վրդովմունքն ու բողոք են արտահայտել` հունգարա-ադրբեջանական ամոթալի գործարքի կապակցությամբ: Հունգարիայի  դեսպանության շրջակայքում հավաքված իսպանացի եւ այլազգի հասարակությանը բաժանվել են կատարվածը լուսաբանող թռուցիկներ:

Ցույցի վերջում համայնքի ներկայացուցիչներին ընդունել է Իսպանիայում Հունգարիայի դեսպանության հյուպատոսը, որին փոխանցվեց համայնքային կազմակերպությունների անունից կազմված բողոք-հռչակագիրը, (որում, մասնավորապես, Հունգարիայի իշխանություններից պահանջվում է ճանաչել իրենց կողմից գործած կոպիտ սխալը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել` վերականգնելու ժաղավրդավարական եւ քաղաքակիրթ երկրի բարի համբավը: Հունգարացի դիվանագետն իր երկրի Կառավարության անունից ափսոսանք է հայտնել` Ադրբեջանի ղեկավարության կողմից հանցագործին ազատ չարձակելու խոստումը դրժելու կապակցությամբ: