Ռուսաստանը հուսով է, որ Թուրքիան կլինի առաջին արեւմտյան երկիրը, որը կճանաչի Աբխազիայի անկախությունը։ Այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում ասել է ԱՊՀ էներգետիկ հարցերով եվրոպացի փորձագետ Ալեքսանդր Ռարը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Մոսկվա։

Ռարի խոսքով, Հարավային Կովկասում եւ սեւծովյան տարածաշրջանում դինամիկ քաղաքականություն է տարվում եւ «խոսքը միայն Ղարաբաղի մասին չէ»։ Փորձագետը կարծում է, որ ղարաբաղյան հարցն անգամ «երկրորդական թեմա է»։

«Առաջին թեման էներգետիկ հոսքը վերահսկելն է։ Այստեղ մրցակցում են բազմաթիվ խաղացողներ»,- նշել է նա։

Հենց այս պատճառով, Ռարի խոսքով, Ռուսաստանն այժմ մերձենում է Թուրքիայի հետ եւ ուզում է անել ամեն բան, որպեսզի իր գազը Եվրոպա հասնի ոչ թե Ուկրաինայի, այլ Թուրքիայի տարածքով։

Անդրադառնալով ՌԴ արտգործախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցին, նա նշել է, որ Մոսկվայի համար այժմ կարեւորը ոչ թե Երեւանն է, այլ Թուրքիան։