Հայաստանի Սահմանադրական դատարանը րոպեներ առաջ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել երկկողմ եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները: Ըստ ՍԴ-ի՝ որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ: Դահլիճից ՍԴ-ի հասցեին հնչեցին «Դավաճաններ», «Դուք հայ չեք» եւ նմանատիպ այլ վանկարկումներ:
Հիշեցնենք, որ արձանագրությունները ստորագրվել էին 2009թ. հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխում, եւ պետք է նաեւ վավերացվեն երկու երկրների խորհրդարաններում:
Արձանագրությունների դեմ բողոքում էին Հայ հեղափոխական դաշնակցությունն ու նրան միացած մի շարք այլ կուսակցություններ, որոնք արձանագրությունների դեմ բողոքի ակցիաներ են անցկացրել, իսկ հունվարի 12-ին բողոքի գործողություն էին անցկացնում ՍԴ-ի շենքի մոտ՝ նշելով, որ այդ արձանագրություններն անթույլատրելի նախապայմաններ են պարունակում:
Նշենք, որ կառավարող Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը անցած տարվա վերջին հայտարարել էր, թե Հայաստանի խորհրդարանը կվավերացնի այդ փաստաթղթերը՝ միայն երբ դրանք վավերացվեն Թուրքիայի խորհրդարանում: Նա նշել էր, որ թուրքական խորհրդարանի կողմից արձանագրությունները չվավերացվելու դեպքում «Հայաստանը ոչինչ չի կորցնի»:




























