«Ժառանգություն» կուսակցությունն ու համանուն խմբակցությունը խիստ բացասական են գնահատում հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությունը եւ ըստ դրա էլ իր քվեարկությունը կկատարի կամ այնպիսի գործունեություն կծավալի, որը կհամապատասխանի իր այդ դիրքորոշմանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է խմբակցությունը քվեարկելու հայ-թուրքական արձանագրություններն Ազգային ժողովում քննարկելու ժամանակ:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 12-ին, Հայաստանի Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել երկկողմ եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները: Մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Գնահատականս խիստ բացասական է: ՍԴ-ն իր այս որոշմամբ հրաժարվեց Հայաստանի Սահմանադրությունից եւ նրա պաշտպանությունից»:

Ըստ Մարտիրոսյանի՝ եթե Սահմանադրական դատարանը «մինչ այժմ ապահովում էր իշխանությունների լինելիությունն ու վերարտադրությունը, ապա այս դեպքում նաեւ ոտնահարեց ՀՀ պետական շահն ու ազգային անվտանգությունը»: