Այսօր` սեպտեմբերի 14-ին Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի պարենի եւ գյոււղատնտեսության կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների գնահատման պատվիրակության մի խումբ անդամների՝ Մեթյու Քահանեի գլխավորությամբ:
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրերին՝ նախարարը գոհունակություն հայտնեց ՊԳԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ, ընգծելով վերջիններիս առանձնահատուկ դերն ու նշանակությունը ՀՀ գյուղատնտեսության զարգացման համար: «Այստեղ կուտակված փորձը մեզ հուշում է, որ առանձին դեպքերում աշխատակարգերի պարզեցման պայմաններում հնարավոր է հասնել ավելի մեծ արդյունքների»,-նշեց նա:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ գնահատող խմբի աշխատանքներին աջակցելու համար, պարոն Քահանեն տեղեկացրեց, որ խմբի անդամները Հայաստանում ունեցել են շուրջ 100 հանդիպումներ, ուսումնասիրել 16 ծրագրեր, այցելել մարզեր՝ տեղում կատարված աշխատանքներին ծանոթանալու համար:
Անցած տարիներին իրականացված ծրագրերը դրական եւ արդյունավետ գնահատելով՝ պարոն Քահանեն նշեց, որ դրանք հիմնականում նպատակ են հետապնդել բարելավելու գյուղատնտեսական կենդանիների առողջության, կենսաբազմազանության, անտառային տնտեսության, բույսերի պաշտապանության եւ գենետիկական ռեսուրսների պահպանության ոլորտների գործունեությունը: Առանձնապես արդյունավետ եւ ժամանակին իրականացված ծրագրեր համարվեցին խոզերի աֆրիկյան ժանտախտի եւ մորեխների դեմ պայքարի ծրագրերը:
Այդ ընթացքում, ըստ պարոն Քահանեի, Հայաստանում ավելացել են ՊԳԿ ծրագրերի իրականացմանը մասնակցող հայ փորձագետները: Ձեռք բերված դրական արդյունքներին նպաստել է նաեւ ՊԳԿ- ի հայաստանյան գրասենյակի նպատակասլաց աշխատանքը:
Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը կրկին շնորհակալություն հայտնեց խմբի անդամներին՝ իրականացված կարեւոր աշխատանքների համար, եւ հույս հայտնեց, որ ՊԳԿ-ՀՀ գյուղնախարարություն հարաբերությունները կկրեն շարունակական բնույթ:



























