Սեպտեմբերի 17-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային հանդիպում ունեցավ «Հեյֆեր փրոջեկտ ինթերնեյշնլ» կազմակերպության փոխնախագահ, ֆինանսական կառավարիչ Ռոբերտ Բլումի եւ ՀՀ-ում գրասենյակի տնօրեն  Ա. Ղազանչյանի հետ:

ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարն ողջունելով հյուրերին` բարձր գնահատեց մինչ օրս կազմակերպության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերի արդյունավետությունը եւ համոզմունք հայտնեց, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:

«Մենք զարգացման մեծ հեռանկարներ ունենք, եւ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանի համար: Վերջին տարիների ընթացքում պետությունն առավել մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության զարգացմանը: Բոլոր ուղղություններով մեծ ներդրումներ են իրականացվում եւ պետության կողմից պատշաճ աջակցություն է ցուցաբերվում գյուղացիական տնտեսությունների զարգացմանը: Համաշխարհային բանկի հետ համատեղ «Հեյֆեր փրոջեկտ ինթերնեյշնլ»-ի համաֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող արոտավայրերի բարելավման եւ կառավարման ծրագիրը թերեւս լավագույններից է, որը նպատակ ունի նվազեցնել աղքատության մակարդակը հանրապետության բարձր լեռնային բնակավայրերում եւ ընդլայնել կենդանական ծագման գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները»,- նշեց նա:

Պրն.  Բլումը շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, տեղեկացրեց, որ լինելով ծրագրում ընդգրկված մի շարք համայնքներում, տպավորված է աշխատանքների ընթացքով եւ արդյունավետ գնահատեց դրանց իրականացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի երկրորդ փուլին առնչվող հարցեր, մասնավորապես շոշափվեց համայնքների թվի ավելացման խնդիրը, որին պարոն Բլումը դրականորեն արձագանքեց:

Համագործակցության ուղղությունների ընդլայնման համար նախարարն  առաջարկեց ուսումնասիրել ՀՀ-ում գյուղացիական կոոպերատիվների ստեղծման, ինչպես նաեւ գյուղատնտեսական մթերքների բացօթյա տոնավաճառների  ավելացմանն աջակցելու հնարավորությունները:

Պրն. Բլումը պատրաստակամություն հայտնեց մանրամասն ուսումնասիրել ներկայացված առաջարկները եւ տեղեկացնել ընդունված որոշումների մասին: