Հայաստանում այսօր` սեպտեմբերի 23-ին ժամը 8.00-ին Արագածոտնի, Գեղարքունիքի,Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 318 համայնքներում մեկնարկած ՏԻՄ ընտրությունները ընթանում են առանց միջադեպերի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից եւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ, մինչ այս պահը ընտրախախտումների վերաբերյալ դեռ ոչ մի ահազանգ կամ բղոք չեն ստացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի մի շարք մարզերում այսօր` սեպտեմբերի 23-ին, կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Մասնավորպես, ՏԻՄ ընտրություններ կկայանան Արագածոտնի, Գեղարքունիքի,Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 318 համայնքներում: Համայնքի ղեկավարի ընտրությունները անցկացվելու են 262 համայնքներում, իսկ ավագանու ընտրությունները 281 համայնքներում: 262 համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 699 թեկնածու: Օրենքով սահմանված ժամկետում ինքնաբացարկ է հայտնել 177 քաղաքացի: Արդյունքում քվեարկությանը մասնակցելու են 521 համայնքապետի թեկնածու:13 համայնքում սեպտեմբերի 23-ին նախատեսված  ՏԻՄ ընտրությունները չեն կայանա, քանի որ բավարար թեկնածուներ չեն եղել:

Սեպտեմբերի 23-ին համայնքապետ կընտրեն 16 քաղաքում, 20 քաղաքային համայնքում տեղի կունենա ավագանու անդամի ընտրություն: Չորս քաղաքում` Սեւանում, Եղվարդում, Ճամբարակում, Աբովյանում համայնքապետի մեկական թեկնածուներ են մնացել: Համայնքապետերի 699 թեկնածուներից 285-ը անկուսակցական են, 282-ը` ՀՀԿ-ական, 87-ը` ԲՀԿ-ական, 27-ը` դաշնակցական, 8-ը` ՕԵԿ-ական, 1-ական թեկնածուներ կան` «Ժառանգություն», «Հայաստանի ժողովրդական», «Հայոց համազգային շարժում», «Ազգային ինքնորոշում», «Ազգային ժողովրդական միություն» կուսակցություններից, եւս երկու թեկնածու` ԺԱԿ-ից: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնում է միայն մեկ միջազգային կազմակերպություն` Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը եւ 15 տեղական հ/կ: