Այս գիշեր Բելառուսից Երեւան է վերադարձել ՀՀ ԱԻՆ փրկարարների մանկապատանեկան թիմը, որը սեպտեմբերի 17-23-ը մասնակցում էր կրթական-առողջապահական «Զուբրյոնոկ» կենտրոնում կազմակերպված պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքին:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այնտեղ թիմեր էին ներկայացված տարբեր մայրցամաքների 14 երկրներից (Հայաստան, Բելառուս, Բուլղարիա, Ադրբեջան, Լատվիա, Լիտվա, Ղազախստան, Կորեայի Հանրապետություն, Մոլդովա, Ուկրաինա, Լեհաստան, Ռուսաստան, ԱՄՆ եւ Սերբիա):
Մանկապատանեկան հավաքի հիմնական նպատակն է օգնել պատանիներին ձեռք բերելու արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններ եւ խթանել համագործակցությունը տարբեր երկրների պատանի փրկարարների միջեւ:
ԱԻՆ պատանեկան թիմում ընդգրկված էր 12-16 տարեկան 7 երեխա (2 աղջիկ եւ 5 տղա): Հավաքի ընթացքում նրանք մասնակցել են հրշեջ, փրկարարական, առաջին բուժօգնության թեմաներով եւ գեղարվեստական տարբեր մրցույթների ու դաշտային ուսումնավարժությունների` պարգեւների արժանանալով «Տասնամյակի դեբյուտ» եւ «Լավագույն թերթ» անվանակարգերում: Սեպտեմբերի 21-ի միջոցառումների շարքում «Զուբրյոնոկ» հավաքում նշվել է նաեւ ՀՀ Անկախության օրը, եւ Հայաստանի հիմնը հնչելու ժամանակ բոլոր երկրների թիմերը ոտքի են կանգնել` որպես հարգանքի նշան։




























