Եվրոպայի խորհրդի  Տեղական եւ տարածքային իշխանությունների  կոնգրեսի պատվիրակությունը կոչ է անում քաղաքական կուսակցություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարությանը:

«Միջազգային չափանիշներին համապատասխան այս ընտրությունների իրականացման կապակցությամբ մենք արտահայտում ենք մեր զուսպ գոհունակությունը` պայմանավորված տեղական կառավարման մակարդակում քաղաքական կուսակցությունների ներգրավվածության բացակայությամբ»-, հայտարարել է Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելության ղեկավար Հենրի Ֆերալը (Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Ֆրանսիա):

2012 թվականի սեպտեմբերի 9-ին եւ 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքում Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը գոհունակությամբ արձանագրել է ընտրական գործընթացների լրջության, խաղաղ ընթացքի եւ բավարար մասնակցության փաստը: Ակնհայտ կեղծումներ դիտորդների կողմից չեն գրանցվել` չնայած  բազմաթիվ շահագրգիռ կողմերի կողմից քվեների հնարավոր առք ու վաճառքի մասին ահազանգերին:

Այնուամենայնիվ, պատվիրակությունը ցավով արձանագրել է քաղաքական կուսակցությունների թույլ մասնակցության փաստը:  Ընդունելով, որ այս իրավիճակը բազմաթիվ պատճառներ կարող է ունենալ, ինչպես օրինակ` ֆինանսական միջոցների, թեկնածուների եւ աշխատակազմի բացակայությունը, պատվիրակությունը,   այնուամենայնիվ,  կարծում է, որ քաղաքական կուսակցություններն անհրաժեշտ կարեւորություն չեն տալիս տեղական մակարդակում կառավարմանն ու  ժողովրդավարությանը:

Ընդ որում, ողջունելով քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք ուղեկցել են ընտրական գործընթացները,  Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը կոչ է անում ողջ քաղաքացիական հասարակությանն ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալ:

Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը  միակ միջազգային դիտորդն է եղել ՏԻՄ ընտրությունների ընթացքում: Առաքելությունն իրականացվել է սեպտեմբերի 6-ից 10-ը եւ   19-ից  25-ը:  Կոնգրեսի պատվիրակությունը` բաղկացած 14 անդամներից, որոնց միացել են նաեւ Եվրամիության տարածաշրջանային  կոմիտեի 4  ներկայացուցիչները, հանդիպումներ է ունեցել  խորհրդարանի անդամների, կառավարության, քաղաքական կուսակցությունների, դիվանագիտական կորպուսի եւ միջազգային համայնքի  ներկայացուցիչների, ինչպես նաեւ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ սեպտեմբերի 9-ին Կոնգրեսի պատվիրակությունը դիտորդական առաքելություն է իրականացրել Արմավիրի, Արարատի, Լոռու, Շիրակի մարզերում, իսկ սեպտեմբերի 23-ին՝ Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերում: