Սեպտեմբերի 28-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, կքննի Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի բողոքներն՝ ընդդեմ ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, նրանց պաշտպան Ստեփան Ոսկանյանը վերաքննիչ բողոքում պահանջում է բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճիռը եւ կայացնել արդարացման դատավճիռ:

Հիշեցնենք, որ այդ դատարանը ՀԱԿ երիտասարդներին դատապարտել էր 2-ից 6 տարվա ազատազրկման: Դատարանի դատավճռով Տիգրան Առաքելյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր եւ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու եւ խուլիգանության, իսկ Արտակ Կարապետյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու եւ խուլիգանության մեջ, Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ:

Բոլոր 4 ամբաստանյալները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի գործով: