Վայոց Ձորի Արփի եւ Գլաձոր գյուղերում այսօր` սեպտեմբերի 25-ին, տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների, մասնավորապես` համայնքի ղեկավարի ընտրության արդյունքների վերահաշվարկ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Վերահաշվարկ իրականացնելու համար դիմել էին թեկնածուները: «Եղեգնաձորում վերահաշվարկի աշխատանքները ավարտվել են, կողմ ձայներում գրեթե փոփոխություն չի եղել»,- հայտնեցին ԿԸՀ-ից:

Ի դեպ, վերահաշվարկ է իրականացվում նաեւ Աբովյանի թիվ 8, թիվ 6 եւ թիվ 24 ընտրատեղամասերում, որը դեռ չի ավարտվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Հայաստանում սեպտեմբերի 23-ին ժամը 8.00-ին Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 318 համայնքներում մեկնարկել են ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնում է միայն մեկ միջազգային կազմակերպություն` Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը եւ 15 տեղական հ/կ: