Երեկ՝սեպտեմբերի 25-ին ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները խուզարկել են Վանաձոր համայնքի ավագանու անդամ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Այվազյանի բնակարանը: Արմեն Այվազյանին կասկածում են Վանաձոր համայնքի ավագանու նորընտիր անդամ Վահե Դոխոյանի բնակարանից հունիսին կատարված  գողության մեջ:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ  զրույցում Արմեն Այվազյանը չհերքեց, որ սեպտեմբերի 25-ին իր բնակարանում ոստիկանությունը դատարանի որոշմամբ խուզարկություն է իրականացրել. «Ինձ զանգահարել են երեկ վաղ առատովյան ու ասել, որ խուզարկության համար դատարանի որոշում կա, իսկ որոշման մեջ գրված է, որ հունիսի 22-ին գողություն է տեղի ունեցել, որի համար որպես կասկածյալ իմ անունն է շրջանառվում, ու այդ միջնորդությունը  դատարանը բավարարել է»,-ասաց Արմեն Այվազյանը` հավելելով, որ  խուզարկությունն ըստ պատշաճի իրականացվել է եւ ոչինչ չի հայտնաբերվել, ինչի մասին գրված  է նաեւ արձանագրության մեջ:

Ավագանու անդամի համար խիստ զարմանալի է այս ամենը, քանի որ ինքը երբեւէ ոստիկանության հետ որեւէ կապ չի ունեցել. «Ինձ միայն ասել են, որ սեպտեմբերի 13-ին օպերատիվ տվյալներ են ստացվել, ու ես դարձել եմ գողության մեջ կասկածվող, փաստորեն գողությունը եղել է հունիսին, բայց օպերատիվ տվյալները ստացել են սեպտեմբերին: Ստացվում է, որ ընտրություններից հետո շնորհավորանքի փոխարեն խուզարկում են, ինչը ավելի քան զարմանալի է»:

Արմեն Այվազյանի փոխանցմամբ, առաջիկայում ոստիկանությունը իրեն ծանուցագիր է ուղարկելու, որպեսզի գնա եւ բացատրություններ տա. «Ես իրենցից պաշտոնապես պահանջելու եմ, որ իրենք հիմնավորեն, հակառակ դեպքում պետք է հերքեն ու հրապարակային ներողություն խնդրեն` ինձ վարկաբեկելու համար»:

Կատարվածի մեջ Արմեն Այվազյանը միտում է տեսնում. «Օրինակ` ավագանու նիստերից մեկում հարց եղավ, որտեղ առաջարկվում էր ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի պետին բնակարան հատկացնելու վերաբերյալ, ես դրան դեմ եմ քվեարկել, մի շարք հարցերի եւս դեմ եմ քվեարկել, ու ես վստահ եմ, որ այս ամբողջ պատմությունը  կապված է իմ` ավագանու անդամ լինելու, ու ինչու ոչ նաեւ ԲՀԿ քաղխորհրդի անդամ հանդիսանալու հետ, ու էսօր առանց պատճառ գան ու ինձ կասկածեն գողության մեջ, ամենաքիչը զարմանալի է»:

Նշենք, որ ավագանու ԲՀԿ-ական անդամը բազմիս կոշտ քննադատությունների է ենթարկել համայնքային իշխանություններին, ինչպես նաեւ ավագանու մի շարք անդամների աշխատելաոճը, ինչն էլ ըստ Այվազյանի կարող է այս ամենի հիմքը լինել:

 

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի