Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Վերահսկիչ պալատի խորհրդի ընդլայնված նիստ:

ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նիստի սկզբում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հրապարակել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերը` ՎՊ աշխատակիցներին շնորհակալագրերով պարգեւատրելու մասին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է  նաեւ Վերահսկիչ պալատի 2013 թվականի գործունեության ծրագրին առնչվող հարցեր: Համաձայն «ՀՀ Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի` Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 60 օր առաջ`մինչեւ նոյեմբերի 1-ը: 

Նշենք, որ  2011 թվականի գործունեության տարեկան ծրագրի մասին հավետվությունում ՎՊ-ն արձանագրել էր  պետական գնումների կազմակերպման,   շինարարական աշխատանքների իրականացման խախտումներ ու չարաշահումներ: Մասնավորապես, նախագծանախահաշվային փաստաթղթերում  եղել են ծավալային հավելագրումներ, գների արհեստական թանկացումներ,  բազմաթիվ ու բազմաբնույթ չարաշահումներն  ու  թերություններ են բացահայտվել սոցիալական ծառայություններում,  արտադրության եւ սպառման, վտանգավոր թափոնների, ընդերքի տրամադրման եւ օգտագործման ոլորտներում: Այս ամենը հաշվի առնելով`  Վերահսկիչ պալատը եկող տարի շարունակելու է ուշադրության կենտրոնում  պահել պետական բյուջեի առավել ռիսկային ուղղությունների օպերատիվ հսկողությունը: