Լոռիի մարզի որոշ համայնքապետեր, ովքեր այս կամ այն արարքի համար ենթարկվում են վարչական պատասխանատվության, տուգանքները վճարում են համայնքային բյուջեից, այլ ոչ սեփական գրպանից: Այս մասին այսօր հայտարարեց հակահրդեհային տեսչության Լոռիի մարզային կենտրոնի պետի տեղակալ Արամ Մկրտչյանը:
«Մենք Մեծ Պարնի համայնքի արդեն նախկին գյուղապետին վարչական տուգանք ենք ներկայացնում, բայց համայնքի ղեկավարը այդ վճարը վճարում է պետական բյուջեից, որը անընդունելի է, մենք կարող էինք այս ամենի մասին հայտնել համապատասխան մարմիններին, բայց չենք արել, դուք էլ նման բաներ մի արեք»,-հայտարարեց նա: Ի պատասխան ասվածի, դահլիճում ներկա գտնվող համայնքի ղեկավարներից ոմանք էլ նշեցին. «Բա էլ որտեղի՞ց պետք ա վճարենք, մենք մեր ջեբից հո՞ չենք տա….», ինչին ի պատասխան Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը բարկացած հեգնեց, թե մնում է միայն իրենց բնակարանի կոմունալ վճարումներն ու վարկերն էլ համայնքի գումարներից վճարեն:
«Ձեզ են պատասխանատվության ենթարկում, դուք էլ ձեր գրպանից վճարեք, ոչ թե համայնքի բյուջեից…»,-ասաց Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը: Արամ Մկրտչյանի փոխանցմամբ` ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքով յուրաքանչյուր մարդ հրկիզման համար տուգանվում է 50.000, իսկ պաշտոնատար անձը՝ 150 հազար դրամով:





























