Սեպտեմբերի 23-27–ը, Հայաստանի պատվիրակության կազմում ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը եւ ԱՊՀ վարչության կովկասյան բաժնի պետ Տարոն Շագոյանը եղան Հյուսիսային Օսեթիայի հանրապետությունում, մասնակցեցին Ալանիայի Հանրապետության նախագահ Թեյմուրազ Մամսուրովին` կառավարման եւ քաղաքականության «Սանանոր» գիտահետազոտական ինստիտուտի հուշամեդալով պարգեւատրման արարողությանը:
Ինստիտուտի ուսումնասիրության արդյունքներով` ՌԴ տարածաշրջան հանդիսացող Հյուսիսային Օսիայում ազգամիջյան հարաբերությունները գտնվում են առողջ հիմքերի վրա եւ հայերի նկատմամբ ազգային խտրականության դրսեւորումներ չկան, ինչի համար սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության նախագահի պալատում հանդիսավոր պայմաններում Թեյմուրազ Մամսուրովին հանձնվեց «Ոսկի Մեդալ»:
Ինստիտուտի ղեկավար` Արտուշ Զուրաբյանի հանդիսավոր խոսքից ու մեդալի հանձնումից հետո, ՀՀ սփյուռքի նախարարության եւ անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանի անունից` հայ համայնքի նկատմամբ դրսեւորած հոգատարության համար Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության նախագահ Թեյմուրազ Մամսուրովին շնորհակալական խոսք ուղղեց ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը եւ նվիրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հրատարակված գրքեր:
Ալանիայի նախագահը ջերմությամբ արտահայտվեց հանրապետությունում ապրող հայերի մասին, անդրադարձավ հայ-ալանական հարաբերությունների վաղեմությանը, որոնք գալիս են դարերի խորքից եւ Արտաշեսի ու Սաթենիկի օրինակով հիշեց երկու արքայատոհմերի եւ ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամական կապերը:
Պատվիրակության անդամները, այդ թվում ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, եղան Վլադիկավկազի հայկական եկեղեցում, հանդիպեցին տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացան համայնքում հայապահպանությանն ուղղված ծրագրերին: Ներկաները գոհունակությամբ ընդունեցին նաեւ «Սանանոր» գիտահետազոտական ինստիտուտի կողմից Հյուսիսային Օսեթիայի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Վարդան Մարկոսյանցին եւ Մոզդոկի նախկին քաղաքապետ Գեորգի Ադամովին ինստիտուտի պրոֆեսորի կոչում շնորհելու փաստը:
Վերադարձին Հայաստանի պատվիրակությունն այցելեց Թբիլիսի, որտեղ Սուրբ Էջմիածին եկեղեցուն կից «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում հանդիպում կայացավ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի եւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:




























