«Ժառանգություն» խմբակցությունը Ազգային ժողովում Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին` որպես մեղադրյալ ներգրավելու միջոնրդությանը կամ դեմ կքվեարկի, կամ չի մասնակցի քվեարկությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` հայտնելով իր կարծիքը:

Նա նշեց, որ խմբակցությունը այդ հարցը կքննարկի երկուշաբթի օրը, երբ ԱԺ-ում ընթերցվի միջնորդությունը եւ համապարփակ ներկայացվի:«Բայց նաեւ կարծում եմ` հասկանալի է, որ հատվածական մոտեցում կա այս հարցում: Եթե նույնիսկ հիպոթետիկ ընդունենք, որ  դատախազության ներկայացրած փաստերը համապատասխանում են իրականությանը, ակնհայտ է, որ ընտրովի է մոտեցումը եւ քաղաքական ենթատեքստ կա»,- ասաց նա:

Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին, Ազգային Ժողով է ներկայացրել գրավոր միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: «Խոսքը վերաբերում է միայն որպես մեղադրյալ ներգրավելուն, խափանման միջոցի հարց չի բարձրացվում»,-ասաց մամուլի քարտուղարը:

Միջնորդության առթիվ ԲՀԿ Կենտրոնական գրասենյակում հրավիրվել էր քաղաքական խորհրդի խորհրդակցություն, որից հետո կուսակցությունը պետք է հայտներ իր դիրքորոշումը, սակայն այդպես էլ քաղաքական գնահատակններ չհնչեցին: Փոխարենը, ԲՀԿ-ն հայտարարել է, որ երկուշաբթի օրը 131 պատգամավորներին կներկայացնեն գրավոր փաստարկներ` կապված Վարդան Օսկանյանի գործի հետ: Վարդան Օսկանյանին` որպես մեղադրյալ ներգրավելու հարցը, կքննարկվի երկուշաբթի կայանալիք նիստին` արտահերթ կարգով: