Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ԱԱԾ քննիչ Վլադիմիր Կոթոլյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը:

«Առավոտի» փոխանցմամբ, մեղադրական ճառով հանդես եկավ Աշոտ Նադոյանը: Նա հաստատված համարեց ԱԱԾ քննիչի կողմից Հովհաննես Գեւորգյանից 4 հազար կաշառք վերցնելու փաստը:

Ըստ մեղադրողի, դատաքննության ժամանակ վկաներ Հովհաննես Գեւորգյանը եւ Մարիամ Ավետիսյանը ցուցմունք էին տվել, որ Թեհրան-Երեւան չվերթով վերադառնալով «Զվարթնոց» օդանավակայան, իրենց մոտ հայտնաբերվել է 0,5,մգ քացախաթթվի անհիդրիդ: Այս գործը հանձնարարվել էր քննել ԱԱԾ քննիչ Կոթոլյանին, որը խոստացել էր որոշակի գումարի դիմաց գործի ընթացքը Հ.Գեւորգյանի եւ Մ. Ավետիսյանի օգտին ուղղել եւ, մասնավորապես, գործից կասկածյալ Մարիամ Ավետսյանի  (Հ.Գեւորգյանի ընկերուհու)  անունը հանել:  Դատաքննության ժամանակ, ըստ մեղադրողի, հաստատված համարվեց նաեւ այն, որ Հովհաննես Գեւորգյանը իրենից կաշառք ստանալու մասին նաեւ հայտնել է ՀՀ ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակից Մուրադ Բաղդասարյանին:

Դատախազը պահանջեց յոթ տարվա ազատազրկում:

Պաշտպանական կողմը խնդրեց ճառին նախապատրաստվելու համար 10-12 աշխատանքային օր ժամանակ: Դատական հաջորդ նիստին` հոկտեմբերի 9 –ին, Կոթոլյանի երեք պաշտպանները հանդես կգան մեկ միասնական ճառով: