Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասում գտնվող բենզալցակայանի մոտ միմյանց են բախվել 2 ավտոմեքենա, ինչի արդյունքում Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել քաղաքի բնակչուհիներ, 14-ամյա Նոնա եւ 16-ամյա Սոնա Հարությունյանները: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, դեպքը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 19:20-ի սահմաններում։
NEWS.am- ի Լոռիի թղթակցին Վանաձորի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ 14-ամյա Նոնայի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, իսկ 16-ամյա Սոնայի մոտ՝ աջ ազդրի փափուկ հյուսվածքների սալջարդ:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիների մի մասը պատմել են, որ միմյանց են բախվել 2 մեքենա: Մի մասն էլ նշում են, որ միայն մեկ մեքենա է եղել, որն էլ հարվածել է էլեկտրասյանը: Քիչ անց, դեպքի վայրից քիչ հեռու հայտնաբերվել է Վազ 21-02 մակնիշի 10 ՕՏ 756 համարանիշի ավտոմեքենա՝ հետնամասն ամբողջությամբ վնասված, որի մեջ եղել են հենց հիվանդանոց տեղափոխված երեխաները: Նշված մեքենայի վարորդը սկզբից խուսափում էր ՃՈ աշխատակիցներին հայտնել դեպքի մանրամասները, նշելով, թե հենց ինքն է մեքենան հարվածել պատին, սակայն քիչ ուշ փաստեց, որ մեկ այլ մեքենա է հարվածել իրեն:
NEWS.am -ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ, դեպքի վայրում աշխատում են Լոռիի ճանապարհային ոստիկանները՝ հետաքննիչ Ստեփան Համբարյանի գլխավորությամբ, նաեւ Լոռիի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալներ Մարտիկ Բալայանն ու Կարեն Բոյաջյանը, ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանը:



























