Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ  մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում  քննարկվել են  սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունում ՀՀ նախագահի կողմից  անցկացված խորհրդակցության ժամանակ բարձրացված  գնումների գործընթացներում հայտնաբերված  խնդիրներին վերաբերող հարցեր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ա. Գեւորգյանը մարզպետներին հանձնարարել է լրջորեն հետեւել մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներում պետական գնումների ընթացակարգերին, ուշադրության կենտրոնում պահել բյուջետային գումարների   արդյունավետ տնօրինման հարցերը, մասնավորապես`  հետեւողական լինել մարզային առողջապահական հաստատություններում պետական գնումների գործընթացների` օրենքով սահմանված կարգով կազմակերպմանը:

Մարզպետների հետ քննարկվել են  2013 թ. հունվարի 1-ից  սոցիալական վճարների եւ եկամտահարկի  մասով փոփոխությունների եւ նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում համայնքներում  լրացուցիչ ֆինանսական ծախսերին վերաբերող հարցեր: Ա.Գեւորգյանը հանձնարարել է հաշվարկել ֆինանսական այդ պարտավորությունից առաջացող գումարների չափը` նշելով նաեւ դրանք վճարելու համար հնարավոր ֆինանսական աղբյուրները:

Խորհրդակցության օրակարգում էին մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի  ընթացքին եւ չորրորդ  փուլի նախապատրաստմանը  վերաբերող հարցեր: Տեղեկություններ են ներկայացվել մարզերում  դիզվառելիքի եւ պարարտանյութի բաշխման  եւ  գումարների հավաքագրման ընթացքի վերաբերյալ, քննարկվել եբ աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցեր:

Օրակարգում էին նաեւ առաջիկայում նախատեսվող միջոցառումների կազմակերպչական հարցերը, մասնավորապես` հոկտեմբերի 5-6-ը Ջերմուկում Գյուղական համայնքների երկրորդ համաժողովը, հոկտեմբերի 12-13-ին  կայանալիք հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության երկրորդ համաժողովը: Անդրադարձել են նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մանկապարտեզներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներին:  Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է  ուսումնասիրել արձանագրված խնդիրները եւ միջոցներ ձեռնարկել սեղմ ժամկետներում դրանք վերացման  ուղղությամբ: